ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար է ընտրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղզստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Թալաթբեկ Մասադիկովը նշանակվել է ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար:
Նա այս պաշտոնին կլինի հաջորդ երեք տարիների ընթացքում
Մասադիկովին նշանակելու որոշումը կայացվել է Բիշքեկում կայացած գագաթնաժողովում։ Նախկինում նա զբաղեցրել է կազմակերպության ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը տեղյակ է պահում Հայաստանին կազմակերպությունում կայացվող որոշումների մասին, և պաշտոնական Երևանը չի խոչընդոտում դրանց, ավելի վաղ հայտարարել է ՀԱՊԿ հեռացող գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք տեղեկացնում ենք նրանց քարտուղարության մակարդակով քննարկվող և ընդունվող բոլոր նյութերի և փաստաթղթերի մասին։ Նրանք չեն մասնակցում քննարկումներին, բայց չեն խոչընդոտում այդ փաստաթղթերի ընդունմանը սահմանափակ ձևաչափով, ինչպես այսօր տեղի ունեցավ Հավաքական անվտանգության խորհրդում»,- ասել է Տասմագամբետովը։
Տասմագամբետովը նաև հույս է հայնտել, որ առաջիկայում հայկական կողմը որոշում կկայացնի ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ։
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում նոյեմբերի 27-ին տեղի էր ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին Հայաստանը չի մասնակցել, քանի որ գործնականում «սառեցրել է» իր անդամակցությունը կազմակերպությանը։