Քաղաքագետը բացատրել է, թե ինչի են հանգեցնում Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի անբարյացակամ քայլերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱպագայում Հայաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի անդամակցել Եվրամիությանը, իսկ մեկն անհնար է առանց մյուսի, news.ru-ին ասել է քաղաքագետ Յուրի Սվետովը: Նրա կարծիքով, դա է պատճառը, որ Երևանը մեղադրում է Մոսկվային Ադրբեջանի հետ հակամարտության ընթացքում օգնություն չցուցաբերելու մեջ։
«Փաշինյանը շարժվում է դեպի Եվրամիություն: Ընթացքի մեջ են բոլոր տեսակի համաձայնագրերի կնքման ընթացակարգերը: Մենք նրան զգուշացնում ենք, որ դա նշանակում է, որ Ռուսաստանի մասնակցությամբ կառույցներին անդամակցությունը, որոնց նա ներկայումս մաս է կազմում, և այն արտոնությունները, որոնցից օգտվում է, կդադարեցվի: Նա անտեսում է սա: Հարցի մյուս կողմն այն է, որ ցանկացած պետություն, որը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, պետք է միանա ՆԱՏՕ-ին: Հետևաբար, Փաշինյանն անընդհատ մեղադրում է Ռուսաստանին Ադրբեջանի հետ պատերազմի ընթացքում Հայաստանին բավարար օգնություն չցուցաբերելու մեջ», - ասել է Սվետովը:
Քաղաքագետը հավելել է, որ Եվրոպան ճնշում է գործադրում Հայաստանի վրա, հիմնականում Ֆրանսիայի միջոցով, որտեղ կա հսկայական հայկական սփյուռք, իսկ Ռուսաստանում սփյուռքը որևէ հայտարարություն կամ կոչ չի անում: «ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Միրզոյանը (ՀՀ արտաքին գործերի նախարար) չգնաց։ Նա այն գաղափարի հիմնական գաղափարախոսներից մեկն է, որ Հայաստանը պետք է խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այնպես որ, ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում», - բացատրել է Սվետովը։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել էր, որ Երևանն այլևս չի ակնարկում, այլ ուղղակիորեն է խոսում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ մոտ ապագայում վերջնական որոշում կայացնելու մասին։ Նրա խոսքով դա անխուսափելիորեն տեղի կունենա, եթե կազմակերպության մյուս անդամները, առաջին հերթին՝ Ռուսաստանը, որոշակի քաղաքական հայտարարություններ չանեն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը