Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ակիի սերն ամեն ինչի՝ հայրենիքի, մարդկանց, երեխաների նկատմամբ գերադրական աստիճանի էր». Կապիտան Արայիկ Մաթևոսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Մռավի լեռներում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ ու չարաճճի երեխա էր։ Ռիսկային էին իր բակային խաղերը։ Անունը «Փոթորիկ» էին դրել։ Իրոք, երբ մի տեղում հայտնվում էր, լավ իմաստով աշխուժություն էր տիրում։ Խելացի էր, սուր մտքով, հումորով։ Անգամ պատերազմների օրերին այնքան կատակներ էր անում, կարծես մոռացած լինեինք, որ պատերազմ է, երկուսս էլ բարձր ձայնով ծիծաղում էինք։ Ամեն ինչի մեջ դրականն էր գտնում։ Հայրիկն ազատամարտիկ է, մասնակցել է Լաչինի միջանցքի ազատագրմանը։ Երբ տուն էր գալիս, Ակին վազելով գնում էր հոր մոտ ու հարցնում՝ ո՞ր զենքով ես թուրք խփել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Արայիկի մայրիկը։ Նշում է՝ որդին կարծես ծնված լիներ մարդկանց պաշտպանելու համար։ «Բոլորին օգնել է, պաշտպանել։ Շատ ընկերասեր էր։ Իր սերն ամեն ինչի՝ հայրենիքի, մարդկանց, երեխաների նկատմամբ գերադրական աստիճանի էր»։

Արայիկը ծնվել է Աբովյան քաղաքում, ուսանել է թիվ 1 դպրոցում։ «Առաջադիմությամբ աչքի չի ընկել, բայց կիրթ էր, շատ էր կարդում։ Տեղում չէր կարողանում նստել, հաճախակի ծնող էին կանչում։ Շատ հոգատար էր նաև իր ուսուցիչների նկատմամբ։ Դպրոցն ավարտելուց հետո էլ, երբ արդեն սովորում էր ռազմական ինստիտուտում, կապ էր պահում նրանց հետ, աջակցում նրանց երեխաներին զինծառայության հետ կապված տարբեր հարցերում»։

Արայիկի հայրն ազատամարտիկ էր, որդին էլ այդ միջավայրում մեծացավ։ «Ակին շատ պարտաճանաչ էր, վերին աստիճանի մաքրասեր։ Ամուսնուս ընկերը, որ գնդապետ էր, «Մարտական խաչի» ասպետ, մի օր տղայիս մասին ասաց՝ լավ զինվորական կլինի, ղեկավարելու ձիրք ունի։ Դպրոցն ավարտելուց հետո իրեն առաջարկեցի՝ Ակի՛, կուզե՞ս զինվորական լինել։ Դրական պատասխան տվեց։ Քննությունները հանձնեց բարձր գնահատականներով և ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Լեյտենանտի կոչումով ծառայության անցավ Նոյեմբերյանի Կողբի զորամասում՝ նախ որպես հրաձգային դասակի, ապա՝ վաշտի հրամանատար։ Իր դիմումի համաձայն, ծառայել է առաջնագծում»։

Մինչև 2015 թվականը, անառիկ պահելով իրեն վստահված դիրքերը, արժանացել է բազմաթիվ խրախուսանքների և կապիտանի կոչման։ «Իր զինվորներն են հիմա պատմում, որ Ակին զինվորի մասին հոգ տանող սպա էր. «Եթե հիվանդ էինք, մեր փոխարեն կանգնում էր դիրքում, մեզ ուղարկում կազդուրվելու»։ Զինվորները զարմացել են, որ նման բան հնարավոր է, բայց նաև շեշտում են՝ այնքան խիստ էր, որ չէինք կարող իր անգամ այդ հրամանը չկատարել»։

Այնուհետև Արայիկն անցնում է թիկունք՝ տեղափոխվում Վանաձորի զորամաս։ «Թիկունքային ծառայությունն իրենը չէր, չէր կարողանում առանց սահմանի։ Երբ սկսվեց Քառօրյա պատերազմը, դիմում գրեց, որ մեկնի Արցախ՝ Եղնիկներ, բայց մինչև կգնար, պատերազմն ավարտվեց»։

2016 թվականին, սեփական դիմումի համաձայն, Արայիկը թիկունքային զորամասից տեղափոխվում է Արցախի Եղնիկներ զորամաս՝ որպես վաշտի հրամանատար։ «Անհանգստություն ունեի, Արցախյան առաջին պատերազմից հետո մեծ բարեկամություն էինք ձեռք բերել Արցախում, զանգահարեցի, խնդրեցի իրեն համոզել այլ զորամաս գնալ, քանի որ լսել էի՝ Եղնիկներում ծառայության պայմանները բարդ են։ Բայց Ակին հաստատակամ էր։ Արդյունքում դարձավ Եղնիկների սիրտն ու արծիվը։ 44-օրյա պատերազմի ժամանակ արձակուրդում էր։ Ավանդույթ ունեինք՝ ամեն հանգստյան օր ընտանիքներով ինչ-որ տեղ գնալու, սեպտեմբերի 27-ին մեր ուղղությունն Արցախն էր։ Զանգ եկավ իրեն, խոժոռվեց, մի քանի վայրկյանում հագավ համազգեստը՝ Արցախ չեք գնում, տղերքն իմ հետևից են գալիս, պատերազմ է»։

Արայիկը մեկնում է Արցախ։ «Նախքան իր դիրքեր հասնելը, որտեղ դեռ ռազմական գործողություններ չկային, թեքվում է այլ ուղղությամբ և մտնում մարտի մեջ։ Թուրքերի գրաված Արեգասարը հետ են վերցնում մի քանի հոգով։ Իսկ հետո ճանապարհվում են այն հատվածներ, որտեղ թեժ կռիվներ էին։ Երկու օր չէինք խոսել, իր ծննդյան օրը զանգեց, տրամադրությունը լավ էր։ Հաջորդ զանգի ժամանակ մի տեսակ հոգնած ձայնով էր, պատկերացրեք՝ փոթորիկը հանգիստ ասի՝ մա՛մ։ Հարցրեցի՝ հո վիրավոր չե՞ս։ Բացասական պատասխան տվեց՝ չէ, հոգնած եմ։ Խոսեցինք ու ճշտող հարց տվեցի՝ Հենոյից (զորամասի բժիշկն է) նորություն ունե՞ս։ Ակին պատասխանեց՝ հենց նոր միասին էինք։ Մյուս տղաս՝ Աբելը, զանգեց, իրեն ասացի, որ Ակին վիրավոր է, նա Հենոյին կտեսներ այն դեպքում, երբ վիրավոր լիներ։ Վիրավորումը թևից էր։ Մի կերպ համոզելով՝ իրեն ուղարկում են Հայաստան։ Վիրահատեցին, երկրորդ վիրահատությանը չմնաց՝ տղերքս մենակ են, պիտի գնամ։ Իմ ընտանիքի տղամարդիկ պատերազմի օրերին մարտի դաշտում էին։ Առաջին օրը գնաց Ակին, հաջորդ օրը մյուս որդիս՝ Աբելը։ Ամուսինս Ջրականում է եղել։ Այդ ընթացքում իրար հետ չեն խոսել, ես էի իրենց կապող օղակը»։

2021 թվականին Արայիկն ընտանիք է կազմում։ «Պատերազմից հետո տղաները վերադառնում էին Հայաստան։ Լրացել էր իր ծառայության 20 տարին, կարող էր զորացրվել։ 2023 թվականը ներառյալ 18 տարի ծառայել է առաջնագծում։ Պետք է դիմում գրեր, բայց զանգեց ինձ ու Արցախի գրանցումով անձնագիրը ցույց տվեց. «Իմ զորքն ինձ հետ դուրս կգա, չեմ կարող նման բան անել հիմա, երբ բանակի շարքերը նոսրացել են»»։

2022 թվականին ծնվեց Արայիկի որդին։ Արցախում շրջափակում էր։ «Կարող էր շրջանցող ճանապարհներով հասնել Հայաստան, բայց չեկավ անգամ որդուն տեսնելու՝ իմ զինվորները չեն կարողանում տուն գնալ, ես ո՞նց գամ։ Նա այդպես էլ չգրկեց իր տղային»։

Վրա հասավ հաջորդ պատերազմը։ Տիկին Մարինեի խոսքերով, 2023 թ. սեպտեմբերի 15-ին տղաներին ասում են՝ հայկական զորքը կարող է իջնել։ «Ակին իրենց ասել է՝ չեմ կարող ասել՝ գնացեք կամ մնացեք, ես գնալու տեղ չունեմ։ 120 հոգուց 5 հոգին իջնում են։ Սեպտեմբերի 19-ին սկսվեց հարձակումը։ Ամբողջ օրը զրուցել ենք, աչքերը փայլում էին, այդ օրվա իր գեղեցկությունն ուրիշ էր, աչքերից կրակ էր թափվում։ Հարցրեցի՝ ի՞նչ ես արել, որ քեզանից այդքան գոհ ես։ «Մա՛մ ջան, տղուդ գիտես»։ Իրենից գոհ կարող էր լինել, եթե իր վրեժը լուծեր։ 2020 թ. ընթացքում շատ մտերիմ ընկերների կորցրեց։ Իր համար շատ բարդ էր պատերազմից հետո։

Գիշերը հարվածում են դիրքերից մեկին։ Ակին փորձում է կապ հաստատել այդ դիրքի հետ, բայց ապարդյուն։ Զանգում է վերադասին՝ ուզում եմ բարձրանալ 06 դիրք։ Ասում են՝ մի գնա, չգիտենք, թե հիմա այնտեղ ովքեր են։ Լույսը բացվելուն պես զանգահարում է վերադասին, որ բարձրանում է այդ դիրքը։ Ընկերներից մեկն ասում է՝ Ակի՛, հետդ բարձրանա՞մ։ «Չէ, մնա այստեղ, գիտես՝ ինչ ես անելու»։ Ընկերն այդ պահին չի հասկանում, թե Ակին ինչ նկատի ունի։ Բարձրանում է 07 դիրք, այնտեղ երկու հոգի զոհված են լինում, հրահանգում է, թե ինչ է պետք անել։ 06 դիրք բարձրանալիս տղաներից մեկն իր հետ բարձրանում է՝ իր հրամանատարին մենակ չթողնելով։ Դիրքը փլատակ է լինում, բայց ոտքեր է նկատում, գնում օգնության։ Թշնամու օդային հարվածները չեն ուշանում։ Այդ ժամանակ իր ընկերը հասկանում է, թե «ինչ պիտի աներ»։ Նա է Ակիի մարմինը դուրս բերում»։ Արայիկն անմահացել է սեպտեմբերի 20-ին Մռավի լեռներում։

Մայրիկի խոսքով՝ ծառայության բոլոր տարիների ընթացքում որդին եղել է թշնամու դիպուկահարի թիրախում։ «Ասում էր՝ մինչև ճանապարհն արժանապատվորեն չբացվի, այստեղից եկողը չեմ։ Իրենց ցուցակում առաջիններից մեկն իմ անունն է»։

Հիմա տիկին Մարինեին ապրելու ուժ տալիս են Ակիի մասին հիշողությունները, նրա թողած անունն ու մարտական ուղին, և, իհարկե, նրա որդին։ «Շրջափակման ժամանակ բնությունն էր նկարում, ասում՝ ինչպես թողնեմ սա ու գամ, տես՝ ինչ սիրուն է»։

Հ. Գ. - Կապիտան Արայիկ Մաթևոսյանը (Ակի) ծառայության ընթացքում պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբել յանական, ՀՀ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, ՀՀ ԶՈւ «Գարեգին Նժդեհ», ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով, հետմահու՝ ԱՀ «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցուն կից գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակինՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՀունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է Եվրասիական զարգացման բանկում կանխատեսել են, թե որքան կկազմի գնաճը Հայաստանում տարվա վերջին «Յուվենտուսի» հաղթանակը Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում
Ամենադիտված