ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովհաննես Գաբուզյանն ու Սուսաննա Գաբոյանը միանձնյա առաջատարներ են

ՍՊՈՐՏ

Երևանի շախմատի տանը փետրվարի 16-28-ը ընթացող շախմատի Հայաստանի առաջնությունում այսօր տեղի ունեցան 6-րդ տուրի պարտիաները:

Հանգստյան օրերին տարած երկու հիանալի հաղթանակների շնորհիվ մրցաշարային աղյուսակը գլխավորել էր Հովհաննես Գաբուզյանը: Նա պարտության էր մատնել նաև նախկին առաջատար Արման Փաշիկյանին: 6-րդ տուրում Գաբուզյանը սպիտակներով խաղաց Սամվել Տեր-Սահակյանի հետ: Թեև պարտիայի ընթացքում Գաբուզյանը զինվորի առավելություն ուներ, սակայն վերջնամասում զգուշավորություն դրսևորեց և բաց թողեց առավելությունն ու հաղթելու հնարավորությունը: Պարտիան խաղաղ ելք ունեցավ:

 Գաբուզյանի մոտակա հետապնդողը՝ Փաշիկյանը սևերով ոչ-ոքի խաղաց մրցաշարի հետնապահ Լևոն Բաբուջյանի հետ: Ի դեպ, դա Բաբուջյանի վաստակած առաջին կես միավորն էր առաջնությունում: Խաղաղ ելք ունեցավ նաև Մանուել Պետրոսյանի և Տիգրան Հարությունյանի միջև կայացած պարտիան:

Կարևոր հաղթանակ տարավ Ռոբերտ Հովհաննիսյանը. նա սպիտակներով պարտության մատնեց Հայկ Մարտիրոսյանին: Շանթ Սարգսյանը սպիտակներով ստիպեց անձնատուր լինել Մամիկոն Ղարիբյանին, իսկ Զավեն Անդրիասյանը սևերով հաղթեց Տիգրան Պետրոսյանին:

6 տուրից հետո աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Գաբուզյանը. նա իր ակտիվում ունի 5 միավոր: Կես միավորով հետ է մնում Փաշիկյանը: Միանգամից 5 շախմատիստ՝ Մանուել Պետրոսյանը, Սարգսյանը, Տեր-Սահակյանը, Հովհաննիսյանն ու Հարությունյանը վաստակել են 3.5 միավոր և բաժանում են 3-7-րդ տեղերը: Մարտիրոսյանն ու Անդրիասյանն ունեն 2.5, Ղարիբյանը՝ 2, Տիգրան Պետրոսյանը՝ 1.5 միավոր: Աղյուսակը եզրափակում է Բաբուջյանը:

Կանանց մրցաշարի տուրի կենտրոնական պարտիայում Սուսաննա Գաբոյանը միավորը կիսեց Սիրանույշ Ղուկասյանի հետ: Մարիա Գևորգյանը պարտության մատնեց Աննա Խաչատրյանին: Խաղաղ ելք ունեցավ Մարիամ Ավետիսյան - Արփինե Գրիգորյան պարտիան: Նարե Առաքելյանը հաղթեց Վերոնիկա Խաչատրյանին, Աստղիկ Հակոբյանն էլ պարտության մատնեց Մարիամ Մկրտչյանին, որը խոշոր անակնկալի հեղինակ էր դարձել 4-րդ տուրում՝ հաղթելով մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ Մարիա Գևորգյանին:

6 տուրից հետո աղյուսակը գլխավորում է Գաբոյանը. նա ունի 4.5 միավոր: Գևորգյանը հետ է մնում կես միավորով: 3-4-րդ տեղերը 3.5 միավորով կիսում են Վերոնիկա Խաչատրյանն ու Մարիամ Ավետիսյանը:

Ավելացնենք, որ կանանց առաջնությունը կավարտվի փետրվարի 25-ին, տղամարդկանց մրցաշարը՝ փետրվարի 28-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular