ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենյան «վեսթերնը» սկսվո՞ւմ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ում սկսել է կառավարման ղեկը Ջո Բայդենին փոխանցելու գործընթացը, որի մասին հայտարարել է գործող նախագահ Թրամփը: Նա մինչ այժմ էլ չի ընդունում իր պարտված լինելու հանգամանքը, սակայն փաստորեն ողջախոհությամբ պատրաստվում է երկիրը ցնցման տանելու փոխարեն ապահովել իշխանության խաղաղ փոխանցման ավանդույթը, որը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին՝ այդպիսով գործնականում նոր իրավիճակ ստեղծելով աշխարհում: 2020-ի հունիսին հայտարարվեց, որ Հայաստանն անդամակցել է 2020 թվականի փետրվարին ԱՄՆ նախաձեռնությամբ ստեղծված Կրոնական ազատությունների դաշինքին: Դաշինքը դնում է մարդու համընդհանուր իրավունքի շրջանակում կրոնական ազատությունների պաշտպանության խնդիրը: Դրան միացել է մոտ երեք տասնյակ պետություն, ինչպիսիք են Վրաստանը, Իսրայելը, Հունգարիան, Չեխիան, Հունաստանը, Մեծ Բրիտանիան, Բուլղարիան, Մերձբալթյան երկրները, Նիդեռլանդները, Ավստրիան, Լեհաստանը, Սենեգալը, Սլովակիան և այլն:

Դաշինքը նախաձեռնող Նահանգների հիմնական թիրախը Չինաստանն էր, որի հետ Թրամփի վարչակազմի հարաբերությունը վերջին ամիսներին գնաց գերլարման ուղով: Միաժամանակ, սակայն, նախաձեռնության ձևաչափային առանձնահատկությունն այնպիսին էր, որ ինքնաբերաբար չէր ենթադրում նախաձեռնությանը միացած երկրների «միացում» Չինաստանի դեմ ԱՄՆ խնդիրներին: Դրա մասին է խոսում երկրների կազմը, որոնք միացել են նախաձեռնությանը և Չինաստանի հետ ունեցել են և ունեն բարվոք հարաբերություն: Բանն այն է, որ դաշինքը՝ որպես այդպիսին, աշխատանքային հարթակ է, որտեղ բերվում են միացած երկրներին հուզող խնդիրներ և բարձրաձայնվում: Հայաստանի անդամակցության մոտիվը միանգամայն հասկանալի էր:

Նախաձեռնությունը դիտարկվում էր ավելի ու ավելի ագրեսիվացող Թուրքիայի զսպման հավելյալ հնարավորություն՝ մարդու իրավունքի և կրոնական ազատության գործիքի միջոցով: Խոշոր հաշվով, գործիքը չաշխատեց, Թուրքիայի զսպման քաղաքականությունը արդյունավետ չէր՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Խոշոր հաշվով, Թուրքիայի՝ էրդողանյան խուլիգան-արկածախնդրության զսպման հարցում գործիքների ճգնաժամի առաջ է ամբողջ աշխարհը: Այստեղ էական նշանակություն ունի Նահանգների դիրքորոշումը, որը, սակայն, Թրամփի նախագահության ընթացքում, թերևս, ավելի շուտ վերաճեց «Թրամփի դիրքորոշումով»: Համենայն դեպս, Թրամփն իր քաղաքականությամբ վակուումներ առաջացրեց մի շարք ռեգիոններում, այդ թվում՝ Կովկասում, որտեղ, օգտվելով առիթից, խցկվեց Թուրքիան: Կրոնական ազատությունների դաշինքին անդամակցումով Հայաստանը չկարողացավ նաև իր խնդիրների հանդեպ գրավել նախաձեռնող ԱՄՆ ուշադրությունը: Պատճառները դարձյալ շատ են, այդ թվում նաև սուբյեկտիվ, նաև խիստ սուբյեկտիվ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular