ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հավակնո՞ւմ է արդյոք վարչապետ դառնալ. պատասխանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ ինքն իր պոտենցիալի ընդամենը 5–10 տոկոսն է կարողանում օգտագործել։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ վարչապետ դառնալու հավակնության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող։ Նա այս մասին հայտարարել է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին տված հարազրույցում։

«Վարչապետ եմ եղել 25 տարի առաջ, և երբ վարչապետ էի, երիտասարդ էի, գիտեի՝ ինչ եմ ուզում, հստակ ծրագիր ունեի։ Բայց Աստծո կամքն էր՝ որոշ ժամանակ վարչապետ լինելուց հետո ստիպված մեկուկես տարի անցկացրի հիվանդանոցում՝ բուժվելով շատ ծանր հիվանդությունից։ Ես նախագահ եմ և, նույնիսկ հայկական խորհրդարանական երկրում, որտեղ նախագահի գործառույթները շատ-շատ սահմանափակ են, նախագահն ունի որոշակի հստակ պարտականություններ և հնարավորություն աջակցելու համար»,–ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` նախագահական ինստիտուտն այն հարթակը պետք է լինի, որ ճգնաժամային պայմանների դեպքում, ինչն ունենք այսօր, օգտագործվի և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից, որպեսզի առճակատումը փողոցից գա սեղանի շուրջ:

Նախագահը կարծիք է հայտնել, որ ճշմարտությունը գտնելու համար պետք չէ անպայման փողոց դուրս գալ: Սարգսյանն ասել է, որ ճգնաժամը չի որոշվում փողոցում մարդկանց քանակով, քանի որ Հայաստանում մենք ունենք իրապես խորը ճգնաժամ, և թե ինչու փողոցում 100 կամ 200 հազար մարդ չկա, պարզ վերլուծությամբ կարող ենք հասկանալ:

Սակայն, ըստ նրա, ունենք ճգնաժամ ոչ միայն Հայաստանում։ Ընդհանրապես, ողջ հայ ժողովրդի համար բարոյահոգեբանական խորը կորստի ճգնաժամ է:

«Դա կա ցանկացած հայի մոտ` Հորդանանում, Մոսկվայում, Կալիֆոռնիայում: Ունենք տնտեսական և քաղաքական ճգնաժամ Հայաստանում, և ունենք ընդհանրապես Հայաստանի հետ կապված ճգնաժամ դրսի հետ՝ միջազգային հարաբերություններում, որովհետև մեր երկրի և մեր ազգի կերպարն ու պատկերը շատ դրական չէ ներկայում»,–ասել է նախագահը։

Նրա խոսքով` մենք տանուլ ենք տվել նաև հանրային պատերազմը, և եթե 1994–ին ունեինք աշխարհ, որը շատ բարյացկամ էր վերաբերվում մեզ, մեր խնդիրներին և ղարաբաղյան պայքարին, ապա այսօր այդպես չէ, որովհետև հակառակորդը տարիներով նպատակաուղղված աշխատել է, իսկ մենք այդ գործը չենք արել:

Հետևաբար, Սարգսյանի խոսքով, հանրապետության նախագահը շատ անելիք ունի և չի մտածում վարչապետ լինելու մասին, բայց պատրաստ է ժողովրդի կողմից ընտրված ցանկացած կառավարության և վարչապետի հետ աշխատել և իր ներդրումը բերել:

Սարգսյանը նաև ընդգծել է, որ ինքն իր պոտենցիալի ընդամենը 5–10 տոկոսն է կարողանում օգտագործել՝ լինի դա սահմանադրական սահմանափակումների պատճառով, համագործակցության հանդեպ իր գործընկերների ոչ բաց լինելու պատճառով...

Սարգսյանն ասում է` շատ ավելին կարող է անել և՛ միջազգային հարաբերութուններում, և՛ միջազգային տնտեսական, և՛ ներդրումային, և՛ մշակութային, և՛ դիվանագիտության ոլորտներում, բայց անում է շատ քիչ:

«Դա ինձ համար բավականին ծանր է, որովհետև ուզում եմ աշխատել։ Իհարկե աշխատում եմ, բայց կարծում եմ՝ շատ ավելին կարող եմ անել»,- ասել է նա:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular