ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա մենք հնարավորություն ունենք պետությունը վերադարձնելու իր հիմնական նպատակին. Գոռ Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գոռ Հակոբյանը ևս համոզված է, որ պարտված իշխանությունը չի կարող շարունակել պաշտոնավարել, սակայն, համոզված է, որ փողոց դուրս գալուց առաջ նախ պետք է հստակեցվի, թե ինչի համար ենք պայքարում և ինչ ենք առաջարկում եղածի փոխարեն:

«Այն, ինչի շուրջ մենք միավորվել էինք, այսօր չկա, որն էլ հանգեցրել է համընդհանուր ճգնաժամային իրավիճակի: Բացի այդ, մենք կանգնել ենք մի կարևոր ջրբաժանի առջև, որ պետք է վերանայենք մեր պետության ու պետականության իրական ապագայի տեսլականը: Պետք է նախ հասկանանք, թե մեր պետականությունն ինչի համար էր մեզ պետք և ինչ նպատակի պետք է ծառայի իր քաղաքացիների ապագայի տեսլականի տեսանկյունից: Կարևոր է հասկանալ նաև, որ երբ պետության կառուցման առանցքում սեփական քաղաքացու ապագան չի դրվում, ամեն ինչ դառնում է անիմաստ: Հիմա մենք հնարավորություն ունենք պետությունը վերադարձնելու իր հիմնական նպատակին, որի համար պետք է ամեն ինչ անենք»,- ասաց Գ. Հակոբյանը:

Առաջնային հարցը, որի վրա պետք է հիմնվեն մնացած գործողությունները, ըստ նրա, պետք է ուղղված լինեն որակապես նոր երկիր կառուցելուն, որտեղ չի լինի աղքատություն, առավել ևս՝ աշխատող աղքատներ չեն լինի: Քաղաքական գործչի կարծիքով հարկավոր է կառուցել այնպիսի երկիր, որտեղ մատչելի և անվճար առողջապահական համակարգեր կգործեն, կրթությունը կլինի որակյալ և, առհասարակ, մարդը իրեն պաշտպանված կզգա իր երկրում:

«30 տարի մարդկանց միայն ասել են, որ քաղաքականությունը միայն պետական ապարատին ձգտելն է: Դրա պատճառով մարդիկ օտարվել են հանրային գործընթացներից և կառավարման համակարգից, իսկ կառավարիչներն էլ արել են այն, ինչ՝ ցանկացել են: 91 թվականին մենք նոր համակարգ կառուցելու հնարավորություն ենք ստացել, բայց ոչինչ չենք արել: Պետք չէր միֆերը դարձնել ազգային գաղափարախոսություն և դրանով կառավարել հանրությանը: Ամենակարևոր հարցն այն է, թե՝ մարդը ինչու պետք է ցանկանա իր երկրում ապրել և այս տարիների ընթացքում ինչ է արվել դրա համար: Երբ մենք կարողանանք այս երկու հարցերի պատասխանները ձևակերպել, կկարողանանք նաև ասել, թե ինչ է պետք այսօր անել»,- ասաց Գ. Հակոբյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular