ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հրաժարականի հարցը սարերի հետևում չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեև պատերազմի հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող այս իրավիճակում հրաժարական ներկայացնել, սակայն, 1or.am-ին հասած տեղեկությունների համաձայն սկսել են Փաշինյանին հասկացնել, որ մոտ ժամանակներս նա պետք է հեռանա իշխանությունից: Ու թեև Փաշինյանը դեռ ճիգեր է գործադրում իշխանությունն ամեն կերպ պահելու համար, սակայն, համոզված չէ, թե ինչքան ժամանակ իրեն կհաջողվի մնալ իր աթոռին:

Մյուս կողմից, դե ֆակտո, իշխող կուսակցությունը իր կառավարման օրոք այդպես էլ չկարողացավ քաղաքական ուժ դառնալ և սրա մասին գիտեն թե՛ Փաշինյանը, և թե՛ իշխանական կուսակցական վերնախավը: Ուստի, որոշում է կայացվել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնից հեռացնել և գործուղել կուսակցություն, որպեսզի նա զբաղվի առաջիկա արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներով: Սա խոսում է այն մասին, որ ամենայն հավանականությամբ, գործող իշխանություններն ամենամոտ ժամանակներում կհայտարարեն նոր արտահերթ ընտրությունների մասին, բայց որպեսզի հերթական անակնկալի առջև չկանգնեն, որոշել են օր առաջ, ձեռի հետ զբաղվել ներկուսակցական զտման ու այլ հարցերով:

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա խնդիրը կառավարության ղեկին մնալն է այնքան ժամանակ մինչև համոզվի, որ ներկուսակցական կազմակերպչական բոլոր գործընթացները հասել են իրենց տրամաբանական ավարտին և որպես կառավարության ղեկավար՝ կկարողանա կազմակերպել նաև նոր ընտրությունները: Կարճ ասած՝ Փաշինյանի հրաժարականի հարցն ամենևին էլ սարերի հետևում չէ, ինչը նշանակում է, որ դեռ երկիրը որոշ ժամանակ կշարունակի խարխափել անորոշության մեջ այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանից նրան հստակ տեքստով չասեն, որ արդեն եկել է իր հպարտ անցյալին հրաժեշտ տալու ժամանակը:

Կարինե Մեսրոպյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular