ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրապարակվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող 17 զինծառայողների անունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը հայտնում են, որ այս պահին Ադրբեջանում գտնվող 17 հայ զինծառայողի առնչությամբ ՄԻԵԴ–ը բավարարել է իրենց ներկայացրած դիմումները։

«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ–ը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց»,– Facebook սոցցանցի իր էջում գրել է Զեյնալյանը։

Նա նաև հայտնել է, որ գերության մեջ հայտնված անձինք են Սամվել Ասատրյանը, Արսեն Կարապետյանը, Նորիկ Արաքելյանը, Գեղամ Էլիբեկյանը, Վահե Աբրահամյանը, Հովսեփ Սահակյանը, Սամվել Քաստակցյանը, Սամվել Կնազյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը, Հարություն Գևորգյանը, Արման Հարությունյանը, Միքայել Մարտիրոսյանը, Լյուդվիգ Մկրտչյանը, Պետրոս Ղազարյանը, Սարգիս Սողոմոնյանը և Խաչիկ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություններ ներկայացնել նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև նոյեմբերի 27-ը։

Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը դատարանի սահմանված ժամկետում չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1678 զոհվածների անունները։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Գերիների թվի վերաբերյալ պաշտոնական վերջնական տվյալներ չկան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular