«Ամեն ինչ հանգիստ է»․ ռուս խաղաղապահը պատմել է Լաչինի միջանցքում առկա իրավիճակի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ընկած ճանապարհին իրավիճակը հանգիստ է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցչին:
«Ամեն ինչ հանգիստ է, մարդիկ տեղափոխում են իրենց ընտանիքներին, երեխաներին, վերադառնում են իրերով, նրանք կարող են իրենց ապահով զգալ: Երթևեկությունը Երևան-Ստեփանակերտ ճանապարհահատվածում առաջին օրերի համեմատ զգալիորեն ավելացել է: Մեր խնդիրն է ապահովել ճանապարհի այս հատվածի անվտանգությունն ու ժամանող մեքենաների գրանցումը»,- ասել է խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը:
Լաչինի միջանցքով Ստեփանակերտն ու Երևանը կապող ճանապարհին մարդատար մեքենաների երթևեկությունը սկսվել է անցյալ շաբաթվա կեսերին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: