Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Կայուն և վերջնական խաղաղություն հաստատելու համար պետք է բանակցություններ սկսվեն. Էդգար Վարդանյան

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով Մինսկի խմբի ձևաչափը դեռևս իրեն չի սպառել, քանի որ այն փաստաթուղթը, որի շուրջ այսօր տեղի են ունենում գործընթացները`  հայտարարության տեքստ է և ամենայն հավանականությամբ, չի դառնա խաղաղության հաստատման համար ապագայի փաստաթուղթ:

 «Բոլորը, այդ թվում՝ պաշտոնական Մոսկվա նշում են, որ Մինսկի խմբի ձևաչափը չի սպառել իրեն և վաղ, թե՝ ուշ բանակցություններ պետք է սկսվեն հենց այդ ձևաչափով, կայուն և վերջնական խաղաղություն հաստատելու համար: Սա նշանակում է, որ կան բազմաթիվ խնդիրներ և հարցեր, որոնք մինչ այժմ լուծված չեն և դա ընդունում են բոլորը»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց  Է.Վարդանյանը:

 Քաղաքագետի կարծիքով՝ սա նշանակում է, որ բանակցությունների ժամանակ կարող են շատ հարցեր վերանայվել, քանի որ եռակողմ հայտարարությունը, որը մեծ հաշվով կրակի դադարեցման համաձայնագիր է, ներառում է կետեր, որոնք պետք է Մինսկի խմբի շրջանակներում քննարկվեն:

 «Եթե քննարկումների արդյունքում հարցեր առաջանան, ապա ինչպես են դրանք լուծվելու: Նրբությունն այն է, որ ինչ հարց էլ առաջանա, այն չպետք է հակասի արդեն իսկ ընդունված հրադադարի համաձայնագրի կետերին, այլ պետք է լրացնի այն: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման, մենք մշտապես վտանգավոր իրավիճակներ ենք ունենալու, իսկ այս պահին երկու կողմերին զսպող միակ հանգամանքը խաղաղապահների մուտքն էր Արցախ: Փաստորեն, այս ամենը ստատուս-քվոի պահպանման մեկ այլ տարբերակ է, ուստի իմ կարծիքով հիմնական աշխատանքերը պետք է իրականացվի Արցախի կարգավիճակի հստակեցման շուրջ»,- ասաց Է.Վարդանյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

website by Sargssyan