ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի բանակցային գործընթացի փակուղին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է, ըստ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության, հայկական ուժերը պարտավորվում է դուրս գալ Քելբաջարի շրջանից, ապա՝ Աղդամից ու Լաչինից: Ավելի հստակ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի արկածախնդրության հետևանքները, թերևս հնարավոր չէ: Այսուհանդերձ, այս հայտարարությունից պարզ չեն դառնում Արցախի Հանրապետության հետագա կարգավիճակն ու ապագան: Այն մշուշոտ է, ինչը նշանակում է, որ Փաշինյանը ոչ միայն տարածքներն է հանձնել, այլև վտանգել է Արցախի սուբյեկտությունն, առհասարակ: Ըստ այս հայտարարության՝ Արցախը չճանաչված հանրապետությունից վերածվում է 2 հազար քմ մակերեսով տարածքի, որն ապագայում Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ կարող են օգտագործել ըստ նպատակահարմարության: Հայաստանն այլևս անելիք չունի, այսպես կոչված, արցախյան հարցի կարգավորման գործընթացում:

ՀՀ դուրսմղումն այս գործընթացից խոսում է մեկ բանի մասին՝ Արցախյան հարց, որպես այդպիսին, ուղղակի չկա այլևս: Կարելի՞ է փրկել իրավիճակը: Փաշինյանի հետ՝ ոչ: Իսկ առանց Փաշինյանի՞… Ընդդիմությունը պնդում է՝ այո, ժամեր են մնացել ստորացուցիչ կապիտուլյացիային, բայց դեռ կարելի է վերականգնել սեպտեմբերի 26-ի դրությամբ Արցախի Հանրապետության ստատուս-քվոյի փշրանքները եւ թույլ չտալ Քարվաճառի ու Քաշաթաղի հանձնումն Ադրբեջանին: Սա գուցե ֆանտաստիկա է թվում այս պահին, բայց դա միակ հնարավորությունն է, որ Արցախի Հանրապետությունը սահման ունենա երրորդ երկրի՝ Հայաստանի հետ եւ չվերածվի լիարժեք անկլավի Ադրբեջանի մեջ: Ինչպե՞ս իրականացնել դա, եւ ո՞վ կօգնի մեզ այս հարցում:

Ակնհայտ է, որ Արցախ ռուս խաղաղապահների մուտքով միանգամայն ավելորդ դարձավ նաև Մինսկի խումբը: Ո՞ւմ հետ բանակցեն համանախագահները և ինչի՞ շուրջ, երբ ՀՀ կառավարությունը կապիտուլացվել է, իսկ Արցախի մնացած հատվածի անվտանգության երաշխավոր է դարձել Ռուսաստանը: Արցախի ապագան այս հայտարարությամբ այլևս որոշվում է ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների տիրույթում, և այս թեմայով ցանկացած հայտարարություն Վաշինգտոնից ու Փարիզից կարող է դիտվել որպես միջամտություն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին: Նկատենք նաև, որ ռուս խաղաղապահների մուտքը հակամարտության շրջան տեղի ունեցավ այն բանից հետո միայն, երբ դրան համաձայնություն տվեց Ադրբեջանը, իսկ ՀՀ համաձայնությունը ձևական բնույթ էր կրում և միջազգային վարքականոնների պահպանման պատրանք էր ստեղծում միայն:

Ռուսական զորքն արդեն իսկ Հայաստանում էր, և Փաշինյանի հրավեր-թույլտվությանը չէր մնացել՝ Արցախ մտնելու համար: Որպեսզի կարողանանք չեզոքացնել Փաշինյանի ստորագրած խայտառակ հայտարարությունը և թույլ չտանք, որ այն դառնա գործող փաստաթուղթ՝ համաձայնագիր, պետք է ամենից առաջ ազատվել Փաշինյանից՝ այդ հայտարարության տակ Հայաստանի ստորագրությունը դնողից: Դրանից հետո՝ նոր իշխանություն, նոր բանակցող, նոր բանակցություններ: Փաշինյանի հրաժարականն է միակ ակտը, որն այս պահին դեռ կարող է հանկարծակիի բերել թե՛ Թուրքիային ու Ադրբեջանին, թե՛ Ռուսաստանին և թե՛ բանակցային սենյակից «քաղաքավարի կերպով» դուրս հրավիրված ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular