ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական ապրանքը հեռացվեց հայկական շուկայից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այն, որ Թուրքիան իր ռազմատենչ հայտարարություններով Ադրբեջանի հետ բացահայտ ագրեսիա է սկսել Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ, ի վերջո, հարկադրեց կառավարությանը ընդունել թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ էմբարգո կիրառելու որոշում։ Նշենք, որ թուրքական ապրանքները բոյկոտելու վերաբերյալ կոչեր սկսեցին հնչել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ղարաբաղում և Հայաստանի սահմաններում սանձազերծած ագրեսիայից անմիջապես հետո, որոնք կարճ ժամանակ անց տվեցին իրենց արդյունքը։ Եղան տնտեսվարողներ, որոնք հայտարարեցին թուրքական ապրանքների ներկրումը և իրացումը դադարեցնելու մասին։ Հիմա դրանց իրացումը չափազանց դժվարացել է՝ բարդություններ ստեղծելով այդ ոլորտում գործող ընկերությունների համար։ Տնտեսվարողները ներկրել են թուրքական ապրանքներ և չեն կարողանում վաճառել։
 
Իրականում սա խնդիր է, որին չպետք է մատների արանքով նայել։ Այն, ինչ ներմուծվել է, արդեն ներմուծվել է, ու դրա իրացումը չպետք է ծանրանա մարդկանց վրա, քանի որ ըստ էության՝ կարևորն այս պարագայում հետագա ներմուծումներից հրաժարումն է։ Միանշանակ է, որ առաջիկայում դեռ կլինեն ներմուծվող թուրքական ապրանքներ, որոնք ճանապարհին են կամ արդեն պատվիրված են։ Այնուհանդերձ հաշվի առնելով այդ հանգամանքը, թուրքական ապրանքների նկատմամբ հայտարարվող էմբարգոն ուժի մեջ կմտնի տարեվերջին, որպեսզի մինչ այդ հնարավոր լինի իրականացնել գործող պայմանավորվածություններն ու պայմանագրերը։ Անշուշտ, շատ ավելի լավ կլիներ, որպեսզի թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոն կիրառվեր անմիջապես, առանց հապաղելու։
 
Բայց կան տնտեսական պրոցեսներ, որոնք դժվար է միանգամից դադարեցնելը, եթե չենք ուզում խնդիրներ ստեղծել մեզ համար։ Իրականում այս պահին կարևորը ժամկետը չէ։ Կան շատ ավելի կարևոր հանգամանքներ՝ կապված՝ ինչպես ներքին շուկայում այդ ապրանքների դեֆիցիտ թույլ չտալու, տեղական արտադրությամբ կամ այլ երկրներից իրականացվող ներմուծումներով բացը լրացնելու և, հատկապես՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելանքի լիարժեք կիրառման հետ։ Ի վերջո, կարևորը ոչ միայն նախաձեռնությունն է, այլև դրա պատշաճ կատարումը։ Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, քանի որ Թուրքիան միակողմանիորեն փակել է իր սահմանները Հայաստանի հետ։ Փակ սահմանների պայմաններում առևտուրն իրականացվում է միջնորդավորված ձևով, այլ երկրների միջոցով։ Միջնորդավորված ձևով էլ թուրքական ապրանքները կարող են հայտնվել Հայաստանի սպառողական շուկայում՝ նույնիսկ էմբարգո հայտարարելու պարագայում, եթե մաքսային սահմանին չկիրառվեն պատշաճ մեխանիզմներ։
 
Հատկապես որ, դատելով Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությունից՝ խոսքը ոչ թե թուրքական ծագման ապրանքների իրացումը ներքին շուկայում արգելելու, այլ ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին է։ Հավելենք, որ վերջին տարիներին մեր ներմուծման 4-5 տոկոսը բաժին է ընկել թուրքական ծագման ապրանքներին։ Ներմուծվել են տարբեր տեսակի ապրանքներ։ Դրանց տեսականին հասնում է ընդհուպ 700-ի։ Այդ ապրանքների մի մասի փոխարինիչները ներքին շուկայում, անշուշտ, կան և ներմուծման արգելումը էական խնդիր չի ստեղծում։ Մինչև հիմա դրանք ներմուծվել են, որովհետև իրենց ցածր որակով և գնով կարողացել են գրավել սպառողների որոշակի հատվածին։ Հիմա այդ սպառողները գուցե և ստիպված լինեն ավելի շատ վճարել, բայց փոխարենը՝ կստանան անհամեմատ որակյալ ապրանք։
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular