ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում ֆինանսական կատարյալ կայունություն է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 Արցախում պատերազմի մեկնարկից հետո միջազգային «Մուդիս» վարկանիշային գործակալությունը զգուշացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացումը կարող է խնդիրներ ստեղծել բանկերի համար՝ ներդրումների արտահոսքի պատճառով:

Գործակալության փորձագետների կարծիքով՝ հակամարտության սրացումը կարող է հանգեցնել ներդրումների արտահոսքի, բանկերի համար լիկվիդացիոն ռիսկերի ավելացման, ինչպես նաև՝ փոխարժեքների փոփոխականության: Այն հանգամանքը, որ ֆինանսական համակարգն առաջիններից մեկն է արձագանքում ցանկացած լարվածության, առավել ևս, երբ խոսքը ռազմական գործողությունների մասին է, դա բնական երևույթ է և բնավ պետք չէ զարմանալ, սակայն, ըստ էության, այդ արձագանքը Հայաստանի պարագայում գոնե առայժմ նկատելի չի։

Դեռևս ռազմական դրություն հայտարարելուց անմիջապես հետո Հայաստանի բանկերի միությունը հայտարարեց, որ բոլոր բանկերը ռազմական դրության ժամանակահատվածում շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը և ունեն անհրաժեշտ հնարավորություններ՝ սպասարկելու իրենց հաճախորդներին։ Հանուն արդարության պետք է փաստենք, որ մինչ այժմ մեր բանկային համակարգը սահուն հաղթահարում է ռազմական դրության հնարավոր բացասական հետևանքները, և լարվածություն, որպես այդպիսին, ուղղակի չկա։ Չնայած չի բացառվում նաև, որ առանձին ներդրողներ կամ քաղաքացիներ գուցե ևս որոշ քայլեր են ձեռնարկել իրենց միջոցների ապահովության նպատակով։

Այն, որ Հայաստանի բանկային համակարգը բնականոն հունով աշխատում է և ամբողջությամբ կատարում իր պարտավորությունները հաճախորդների նկատմամբ, փաստ է։ Այս ընթացքում հայտնի չէ որևէ դեպք, երբ խնդիրներ են առաջացել պարտավորությունների սպասարկման հետ կապված։ Իրականում սա շատ կարևոր է հաճախորդների շրջանում բացասական սպասումներ չառաջացնելու համար։ Շատ հաճախ բանկային համակարգում ծագող խնդիրները կապված են լինում նման սպասումների հետ։ Իսկ դա մեզ ոչնչով պետք չէ և չի բխում՝ ինչպես բանկերի, այնպես էլ՝ հաճախորդների շահերից։

Հայաստանի բանկային համակարգի լիկվիդայնությունը բավական բարձր է, ինչը լավ հիմք է խնդիրներից խուսափելու համար։ Պատահական չէ, որ անգամ ռազմական դրության պայմաններում բանկերը հայտարարեցին իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու և վարկային արձակուրդներ տրամադրելու այս օրերին ռազմաճակատում գտնվող այն վարկառուներին, ովքեր խնդիր կունենան ժամանակին իրենց պարտավորությունները կատարելու հետ կապված։ Վստահաբար կարող ենք արձանագրել, որ այս պահին Հայաստանի ֆինանսական համակարգը միանշանակ կայուն է և առանց խոչընդոտների լիարժեք կատարում է իր բոլոր պարտավորությունները հաճախորդների նկատմամբ։ Սակայն ասել, որ այդ կայունությանը սպառնացող վտանգներ չկան, տեղին չէ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular