ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր՝ «երրորդ ուժի» սպասումով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում և Հայաստանի շուրջ քաղաքական գործընթացների ծավալմանը զուգահեռ վերստին հրապարակ է գալիս այսպես ասած՝ երրորդ ուժի կամ երրորդ ճանապարհի գաղափարը, որը հանրության կողմից դիտարկվում է իբրև ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու միակ ռեալ հնարավորություն: Շարքային քաղաքացիներն իրավացիորեն բողոքում են թե՛ նախկին իշխանություններից, թե՛ գործող քաղաքական թիմի վարած քաղաքականությունից, որի արդյունքում ունենք կորսված Արցախ, վտանգի առջև հայտնված Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, տասնյակ հազարավոր փախստականներ, ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ, պատեհապաշտ և անհաշվենկատ արտաքին քաղաքականություն: Հասարակ քաղաքացիներն այլևս միակարծիք են, որ երրորդ ուժ՝ այլընտրանք է պետք, հակառակ դեպքում՝ ոչ մի փոփոխության, այսպես կոչված՝ փրկության շանս չկա, քանի որ եթե մնացին «նախկիններն» ու «ներկաները», կրկին միմյանց հետ քաղաքական ֆուտբոլ են խաղալու, մեկին մերժելու համար ընտրելու են մյուսին ու քաղաքական քաոսը շարունակվելու է: Լավ, եթե միայն քաղաքական մակարդակում մնար, բայց քանի որ Հայաստանում այդ քաղաքական անկարողունակության հետևանքներն ունեն ռեալ երևութական, շոշափելի հետևանքներ, ապա էլ ավելի է մարդկանց մտքում ամրանում երրորդ ուժի անհրաժեշտության միտքը: 

Այս մասին են վկայում նաև ՀՀ-ում անցկացված բոլոր վերջին սոցհարցումները: Այսպես, տելեգրամյան ալիքներից մեկում իրականացված օնլայն սոցհարցումը փաստում է, որ հանրության մոտ 70 տոկոսը քաղաքական այլընտրանքի փնտրտուքների մեջ է և կարիք ունի նոր քաղաքական դեմքերի, ովքեր չեն ասոցացվում նախկին եւ ներկա իշխանությունների հետ, ինչն էլ առաջ է բերում  երրորդ ուժի ձեւավորման անհրաժեշտություն:

Իր հերթին, Վերլուծական հետազոտությունների կենտրոնի (CISR) կողմից անցկացված նոր համազգային հարցման արդյունքները վկայում են, որ Հայաստանում հարցվածների 60%-ը չի վստահում հասարակական և քաղաքական գործիչներից և ոչ մեկին և ցանկանում է դաշտում տեսնել նոր դեմքերի՝ նոր գաղափարներով, նոր ճանապարհային քարտեզով: 

Մեկ այլ օրինակ՝  Հայաստանում «GALLUP»-ի լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերության հրապարակած սոցհարցման արդյունքներով  հարցվածների միայն 34 %-ն է հավանություն տվել վարչապետի գործունեությանը, իսկ կեսից ավելին՝ 52,6 %-ը, նշել է, որ հավանություն չի տալիս։ Կառավարությունն էլ ավելի «ոչ պոպուլյար» է. հավանություն՝ 29,1 %, իսկ 57,7 %-ը նշել է, որ հավանություն չի տալիս: Եթե չեք մոռացել, կա նաև ՀՀ նախագահ, որի գործունեությանը հավանություն է տվել 23 տոկոսը, իսկ հավանություն չի տվել 53,7 տոկոսը: Ամենատխուրը խորհրդարանական կառավարման մոդելով մեր հանրապետությունում ԱԺ-ի վիճակն է. հավանություն է տվել 22,2 %-ը, իսկ 64 %-ը հավանություն չի տվել: Այստեղից ի՞նչ է հետևում: Իսկ այստեղից ուղիղ գծով հետևում է, որ Հայաստանը կառավարում է մի թիմ, որի իշխանության պայմաններում իշխանության գրեթե անխտիր բոլոր ճյուղերի գործունեությանը մարդկանց կեսից ավելին հավանություն չի տալիս:

Հասկանալի է, որ հանրության տրամադրություններն ի վերջո պետք է գեներացվեին կոնկրետ գործողությունների և քայլերի, ինչն էլ այժմ, կարծես թե, տեղի է ունենում: Տարբեր հարթակներում՝ այդ թվում նաև մարզերում, ամենօրյա ռեժիմով քաղաքական ուժերի ու գործիչների միջև ընթանում են հանդիպումներ և քննարկումներ, որոնց արդյունքում մոտ ապագայում կարող է ձևավորվել երրորդ ուժ, որն էլ իր հերթին կառաջնորդի ժողովրդին ու կփորձի նրան դուրս բերել ստեղծված անելանելի վիճակից: Քանի որ հասարակության մեծամասնության մոտ երրորդ ուժի անհրաժեշտության հարցում արդեն իսկ ձևավորվել աներկբա կոնսենսուս, քաղաքական դաշտը պարտավոր է լուրջ և հիմնավոր առաջարկ ներկայացնել և կասկածից վեր է, որ այն ուժը կամ ուժերը, որոնք կկարողանան զբաղեցնել երրորդ ուժի նիշան՝ ստանալու են հանրության մեծամասնության աջակցությունը և իշխանությունը վերցնելու նրանց շանսերն անչափ մեծ են լինելու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular