ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնամոռաց թրքասիրություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բոլոր ազգերի մոտ ընդունված կարգախոսներ կան, որոնք որոշ դեպքերում օգտագործվում են նաև պետական մակարդակով։ Քանի որ թուրքական հանրությունն առանձակի ուշադրություն է դարձնում սիմվոլիկային, տրամաբանական է, որ նրանց մոտ այդ հայտարարությունների ու կարգախոսների դրվագը ևս առանձնացված է ու ամրագրված։ Շատերին է հայտնի, որ Թուրքիայում քաղաքական ու ռազմական հայտնի արտահայտություն կա՝ «մի գիշեր անսպասելի կգանք»։ Սա թուրքերի սիրելի սպառնալիքն է, տվյալ դեպքում՝ Էրդողանի սիրելի սպառնալիքը, գլխավոր նախանշանը, որ թուրքերն ինչ-որ բան են ծրագրում: Ի դեպ, հենց այդպես մի գիշեր անսպասելի թուրքերը մտան Կիպրոս, Իրաք,այնուհետև՝ Սիրիա, և, ցավոք, ամեն ինչ հուշում է, որ նույնը սպառնում է Հայաստանին:

Օրերս բոլորս տեսանք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը երեք ժամ քսան րոպե տևողությամբ մամուլի ասուլիս տվեց՝ պատասխանելով տասնյակ հարցերի, սակայն գլխավոր հարցը նրա առաջ չդրվեց: Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային գլխավոր մարտահրավերը Հայաստանի տարածքով Թուրքիայի պահանջած միջանցքն է, որին Փաշինյանը չանդրադարձավ, ուղղակի լռեց և ամեն ինչ օդում թողնելով՝ ինքնահաստատվեց։
Ի դեպ, սա հանդիսանում է այն գլխավոր ցուցիչը, որ չկա թուրքական վտանգի գիտակցումը, թե թուրքերը կարող են մի գիշեր անսպասելի գալ, որ ՀՀ քաղաքացիներին չի ներկայացվում այն կործանարար աղետը, որը կոչվում է «Զանգեզուրի միջանցք», և թե ինչի են պատրաստ թուրքերը հանուն այդ միջանցքի:
Միևնույն ժամանակ մենք նկատեցինք, թե ինչպես է վերը նշվածի փոխարեն Նիկոլ Փաշինյանը կարևորում Էրդողանի հետ երկխոսությունը՝ առանց բացատրելու այդ երկխոսության բովանդակությունը: Նա ակնարկում էր,  որ ինչքան կարևոր է թուրքերի հետ բանակցել ուղիղ, նրանց չդիտարկել որպես թշնամի և հասկանալ, որ նրանք «մեր անմիջական բարեկամներն են»։ 
Տեսեք, թե ինչ էր ասում Փաշինյանը․ «Իրականությունն այն է, որ եթե նույնիսկ Ադրբեջանի հետ դեմ առ դեմ ենք խոսում, Թուրքիայի ներկայությունը և՛ տեսնում ենք, և՛ զգում ենք»: Սկսենք նրանից, որ Թուրքիան և Ադրբեջանը նախագահներից մինչև ԱԳ նախարարների ու պատգամավորների մակարդակով բազմիցս հայտարարել են, որ բոլոր հարցերում՝ ներառյալ Հայաստանին վերաբերող, գործում են միասին: Անգամ ունեն նոր ֆրազ՝ «մեկ ազգ, երկու պետությունը» հիմա դարձրել են «մեկ ազգ, երկու պետություն, մեկ բռունցք»:
Մեր ու Նիկոլի տարբերությունն այն է, որ Թուրքիան հայ հասարակության մեջ ընկալվում է ոչ թե որպես սահմանակից պետություն, այլ առաջին հերթին և գլխավորապես՝ որպես Ցեղասպանությունն իրագործող, Արցախում պատերազմը հրահրող, պատերազմի ժամանակ Բաքվին բայրաքթարներով ապահովող, Ցեղասպանությունից 100 տարի անց առնվազն 5 հազար հայի սպանող, պատմական հայկական հող Արցախը օկուպացնող, Նախիջևան-Արցախ-Սյունիք տրամաբանությամբ և հերթականությամբ Հայաստանից նոր տարածքներ պոկելը ծրագրող թշնամական երկիր: Հատկանշականն այն է, որ սա իրողությունն է:
Հավելենք նաև, որ Թուրքիայի հետ «երկխոսությունը»՝ առանց թուրքերի խոստովանության ու զղջման, ոչ թե նվազեցնում է Հայաստանին սպառնացող վտանգները, այլ ստեղծում է նոր վտանգներ: Որովհետև Էրդողանի հետ Փաշինյանի շփումները երկխոսություն կոչելը մեծ ճոխություն է: Այն ինչ կատարվում է՝ Թուրքիայի պահանջների ու նախապայմանների թելադրություն է՝ ուրիշ ոչինչ։ Այն, որ Թուրքիայի համար «Զանգեզուրի միջանցք» կոչվածը բաց է ու Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն չի թաքցնում ոչ մի թուրք պաշտոնյա: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի պաշտոնյաները գործում են բաց:
Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular