Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ Յուրա Ա․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում՝ «Պրինց» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթբետոնե հատվածին և հայտնվել Ողջի գետում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենայից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին։
Փրկարարները այն դուրս են բերել և մոտեցրել դիատարին։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։